Posted in 5-րդ դասարան, Հայրենագիտություն 5-րդ

Սայաթ- Նովա և Գրիգոր Նարեկացի

Գրիգոր Նարեկացի


Հայ գրականության պատմության մեջ բացառիկ ու անկրկնելի երևույթ է Գրիգոր
Նարեկացու ստեղծագործությունը։ Նա ապրել է 10-րդ դարում Ռշտունյաց աշխարհի գողտրիկ ու գեղատեսիլ մի վայրում։ Դա բնության մի հրաշալի անկյուն էր Վանա լճի հարավային ափի մոտ, Աղթամար և Առտեր կղզիների դիմաց, շրջապատված էր Մոկաց և Ռշտունյաց բարձրագագաթ լեռներով։ Հենց այդտեղ էր սպիտակ, սրբատաշ քարերով կառուցված Նարեկավանքը, որտեղ ապրել ու ստեղծագործել է Նարեկացին։
Քիչ հեռու կար ինը սենյակներով մի քարաժայռ, որը, ըստ ավանդության, համարվում է Նարեկացու աղոթատեղին։ Նարեկացին մեզ թողել է
բազմաթիվ տաղեր, կրոնական բնույթի գործեր և մի հանճարեղ
պոեմ, որի վերնագիրն է «Մատյան ողբերգության»։ Այս պոեմը
մեր ժողովուրդը սիրով անվանում է «Նարեկ»։ Հայ ժողովուրդը
մի առանձին սիրով է վերաբերվել «Նարեկին»։ Այն համարվել է հրաշագործ գիրք, որը կարող է փրկել մարդու և՛ հոգին, և՛ մարմինը։ «Նարեկը» համարվում էր փրկարար միջոց. դնում էին հիվանդի գլխի տակ, նրանից տարբեր հատվածներ կարդում և հավատում, որ հիվանդը կապաքինվի։ Նարեկացին հավատում
էր, որ յուրաքանչյուր մարդ, ով կկարդար իր մատյանը, կարող էր
փրկության հույս ունենալ։ Դեռևս իր ապրած ժամանակներից
Նարեկացու անունն ու գործը սրբացվել են։

Սայաթ-Նովա


Տաղով եկավ,
Ախով գնաց Սայաթ-Նովան.
Երգով եկավ,
Վերքով գնաց Սայաթ-Նովան.
Սիրով եկավ,
Սրով գնաց Սայաթ-Նովան.
Սիրով մնաց Սայաթ-Նովան։

Հայ գրականության ինքնատիպ ու հանճարեղ անուններից է Սայաթ-Նովան։ Նա սիրո և իմաստության երգիչ է, աշուղ-բանաստեղծ։ Ծնվել է 1722թ., իսկական անունն է Հարություն Կարապետի Սայադյան։ Սայաթ-Նովա աշուղական կեղծանունը պարսկերենից թարգմանած նշանակում է «երգի որսորդ»։ Սայաթ-Նովան ինքն իրեն համարում էր «խալխի նոքար», այսինքնժողովրդի ծառա։ Դեռևս անհիշելի ժամանակներից ժողովուրդների մեջ մեծ սեր են վայելել իրենց սեփական երգ ու նվագով հանդես եկող երգիչները (աշուղները։ Նրանք ոչ միայն գրում էին երգի բառերն ու երաժշտությունը, այլև իրենք էլ կատարում էին այդ երգերը որևէ երաժշտական գործիքի նվագակցությամբ։ Սայաթ-Նովայի գործիքը քամանչան էր, որը նա գովերգում է իր խաղերից մեկում («Ամեն սազի մեչըն գոված») և համարում լավագույնը բոլոր նվագարանների մեջ։ Աշուղների երգերի հիմնական թեման սերն է. սերը կնոջ նկատմամբ, սերը արդարության, ճշմարտության, բարու և գեղեցիկի նկատմամբ։ Սայաթ-Նովայի ստեղծագործության հիմնական թեման նույնպես սերն է։ Նրա ստեղծագործությունը հայ գրականության մնայուն արժեքներից է, անցած դարերը չեն կարողացել հնացնել այն։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով